Մի տուն կա, որտեղ ես գնում եմ երբեմն եւ առանձնանում բոլորից, կտրվում աշխարհից, թաքնվում մարդկանցից եւ վայելում մենակությունս:
Այդ տան բնակիչներն են ջարդուփշուր եղած հույզերը եւ շատ քաղցր, բայց ցավոտ հիշողությունները: Այնտեղ միշտ խառնաշփոթ է: Երբեմն-երբեմն կեղտոտ ու կոտրատված ապակիներից մի քանի շողեր են ներս սահում՝ մեղմելով սենյակի մթությունը: Անթարթ կարելի է նայել այդժամ սենյակում պարող ստվերներին, որոնք կարծես ծաղրում են ու հիշեցնում ինչ-որ մեկի ուրվագծերը: Սենյակի դասավորությունից եւ ամեն տեսակի հարմարություններից անմիջապես կարելի է հասկանալ, որ նախկինում այնտեղ ապրել է ինչ-որ մեկը: Մրոտ պատերը նախկինում սիրով են շնչել իսկ անկյունի թոշնած ծաղիկները ծաղկել են տարին տասներկու ամիս ու իրենց բույրով գցել էյֆորիայի մեջ, որից կարծես անհնար է դուրս գալ:
Ես շատ եմ սիրում այդ տուն այցելել: Ծալապատիկ նստում եմ պատերից մեկի տակ, նայում շուրջս, իսկ աչքերիցս ափսոսանքի արցունքներ են գնում: Դա իմ առանձնարանն է, որի տեղը ոչ ոք չգիտի, որը թաքցրել եմ բոլորից: Եվ անգամ հիմա, երբ դուք գիտեք դրա մասին, միեւնույն է չեք գտնի..
Այն իմ սրտում է...
Комментариев нет:
Отправить комментарий