пятница, 13 сентября 2013 г.

Հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Ներիր, որ այսպես` հանկարծ ու անզգույշ,
Մի քար լռությամբ, անարցունք, անդարձ:
Ուզում եմ սերն այս պահենք որպես հուշ,
Ու էլ չլինի ո՛չ արցունք, ո՛չ լաց...
Բայց հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Թեև հիշում եմ ձեռքդ ձախ այտիս,
Մատներիդ թեթեւ հպումն սրտադող,
Համբույրիդ համը լուռ շրթունքներիս
Ու խոր հայացքդ հոգիս դուրս հանող...
Բայց հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Հիշում եմ թեև շատ ու շատ բաներ,
Որոնք չեն եղել ու չեն էլ լինի...
Լոկ խուլ պատկերներ, չհնչած բառեր,
Հազար այսպիսի թղթեր... Ու գինի...
Տես, հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Թեև ուզում եմ չթողնես գնամ...
Բայց հեռանում եմ...
Լուռ հեռանում եմ...



10.09.2013

Հեղինակ՝  Էլյա Մանուկյան
Վերնագիր՝  Հեռանում եմ...

воскресенье, 25 августа 2013 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Ուզում էի գրկեիր ինձ… Եվ այնքան ամուր, որ իմ շնչառության փոխարեն քո սրտի զարկերը լսեի: Զգայի քո գլխապտույտ բույրը: Կանգ առներ ժամանակը: Մի հավերժություն անցներ այդ մի քանի վայրկյանում, եւ մոռացվեր ամեն ցավ ու տառապանք, լաց ու մորմոք: Այդ գրկախառնության մեջ ժպտայի ու աչքերս շատ պինդ սեղմեի, որպեսզի չարտասվեի… Բայց դե գիտեմ, որ միեւնույն է, ճմրթված կոպերիցս դուրս կսահեին երկու ջինջ ու աշխարհի ամենաերջանիկ արցունքի կաթիլները…
  Ապա լռությունը խախտվեց քո տաք ու սրտադող ձայնից: Չեմ հիշում ինչ ասեցիր: Երեւի չեմ էլ լսել, քանի որ այդ պահին հերթական անգամ երդվում էի այլեւս չերազել……



понедельник, 11 февраля 2013 г.

Հայելու առաջ


Ես միայնակ եմ անցնում իմ ուղին,
Չկան ընկերներ, ոչ էլ բարեկամ.
Բարիս կամեցող ընկերներ ունեմ,
Սակայն իմ կողքից հեռու են այնքա՜ն:

Ես նայում եմ ինձ` տեսնում մի պատկեր,
Որը ամեն օր տեսնում են մարդիկ.
Կարծես հասարակ ու կլոր աչքեր,
Իսկ խորքում անհայտ թախիծ ու գաղտնիք:

Հայացք զարմացած, ուրախ կամ տխուր,
Թեթեւ խորշոմներ դիմախաղային,
Ժպիտ ձեւական, ծիծաղ լիաթոք,
Առօրյա ուրախ շփում մարդկային…

Կանգնում եմ այսպես հայելու առաջ,
Նայում եմ երկար. ինձ նայող մարդուն:
Ի՞նչ մեղք եմ գործել ես նրա առաջ,
Ինչի՞ց են դժգոհ աչքերը անքուն…

Ի՜նչ ներքին պայքար, անձի երկվություն,
Ցավեցնող հուշեր անցյալ օրերից,
Ապագա տանող ի՜նչ երազանքներ
Նո՛ր ուշքի եկած` կյանքի օրորից:

Մի շատ ալեկոծ ու լուռ բանավեճ,
Հայելու առաջ, իմ ու իմ միջեւ.
Օդում լող տվող երազներ անվերջ...
Ու արցունք-մշուշ աչքերիս առջեւ…





11.02.2013 
Հեղինակ` Էլյա Մանուկյան 
Վերնագիր` Հայելու առաջ 

четверг, 10 января 2013 г.

Ինձ հետ դու դու ես


Իսկ դու ճախրում ես քո տարերքի մեջ
Ու կրկնում ես խոսքերն անընդմեջ,
Որ ինքնուրույն ես, ուժեղ ես, կարող,
Սակայն ինձ խաբել երբեք չես կարող:

Չէ՞ որ  այդ ուժդ միայն ու միայն
Զրահ է` փրկող այս կյանքից ունայն.
Որ ոչ ոք երբեք չիմանա կյանքում
Քո սրտում որքան սեր է բնակվում:

Մարդիկ չպիտի իմանան երբեք,
Որ արտասվել ես օրինակ երեկ…
Սերը դարձնում է մարդկանց խոցելի,
Այո՛, շատ հաճախ տանջանքով է լի:

Բայց դու որքան էլ բախտիցդ փախչես,
Որքան հույզերդ բոլորից թաքցնես,
Ինձ հետ դու դու ես` բարի ու քնքուշ…
Քանզի լսում եմ հոգուդ լարերի մեղեդին անուշ….




                10.01.2013
Հեղինակ` Էլյա Մանուկյան

воскресенье, 16 декабря 2012 г.

Աբստրակցիա կամ Ոչինչ չի փոխվել


Որքան ժամանակ չեմ գրում երգեր,
Սակայն դրանից չեն բուժվում վերքեր.
Որքան ժամանակ չեմ գրում տաղեր,
Բայց ամենուրեք դեր է ու խաղեր:

Աշխարհն է փոխվել աչքերիս համար.
Պայծառ երազներ` անթիվ, անհամար…
Այլեւս չկան, չկան գնացին.
Միայն դրանցից հուշեր մնացին:

Էլի ապրում եմ, ընդունում ներկան,
Բայց կարոտում եմ հին օրերն այնքան,
Որ ամեն հաջորդ հիշողության հետ
Գիտակցում անցածն ու կորածն անհետ:

Եվ մեկը կասի. Բնական է դա.
Ապրիր ներկայում, ձգտիր ապագա:
Բայց ոնց կարող է բնական լինել
Այն, որ շատ մարդկանց ինքս եմ հորինել:

Այն, որ ընկերս ուրախ է անգամ,
Քանզի այլեւս իր կյանքում չկամ.
Ընկերություն, որ դառնում է սուտ ծես…
Այսքան կեղծիքից հոգնել եմ կարծես:

Ո՞վ է համարում սրանք բնական,
Մի՞թե լոկ ես եմ նկատում այսքանն.
Թե սա անցյալ է, ո՞վ կասի սակայն,
Ինչո՞վ է արդյոք տարբերվում ներկան:

Կորած ընկերներ, սուտ սեր ու հույսեր,
Աչքի բիբերը լայնացնող լույսեր,
Մի թուղթ, մի գրիչ, ալեկոծ հույզեր,
Անվերջ զարմացած թոթափվող ուսեր:




11-12.12.2012
Հեղինակ`Էլյա Մանուկյան

воскресенье, 11 ноября 2012 г.

Ներիր...


Երբ ես քեզ տեսա այդպես հուսահատ,
Մի պահ հիշեցի անցյալս գունատ.
Ու երբ նայեցիր աչքերով թախծոտ,
Վերքս փորեցին հուշերը մաղձոտ:

Ինչու՞ սիրեցիր ինձ այդպես ուժեղ
Ու խորտակեցիր կյանքը քո գունեղ.
Իսկ ինձ մոտ ինչու՞ սիրել չստացվեց,
Այդ հարցն ինձ համար վերջերս պարզվեց:

Այո, պարզապես Նրան եմ սպասել,
Անգիտակցաբար նրան երազել,
Բայց այդուհանդերձ երբեք չեմ ուզել
Քո երազների թելերը խզել:

Ներիր, որ այդքան ցավ եմ պատճառել,
Որ հույսիդ վերջին օջախն եմ վառել.
Ես արժանի չեմ տանջանքիդ ցավոտ,
Կբացվի հաստատ մի նոր առավոտ...

Ու, երբ ուշքի գաս ու նայես կյանքին,
Այնտեղ կտեսնես երազդ անգին.
Այդժամ հուսով եմ կգաս ու կասես.
_Լավ ընկերներ ենք հիմա պարզապես:




Հեղինակ` Էլյա Մանուկյան

среда, 12 сентября 2012 г.

Կա՞... Թե՞ չկա...


  Չեմ հավատում, որ կա աշխարհում այն ինչ չկա, եւ որ չկա աշխարհում այն ինչ կա...
  Կարծես մեղավորներ եմ փնտրում, իսկ միակ մեղավորը ժամանակն է, որի համար ամեն ինչ ոչինչ է, որի համար չկան ոչ մի կարեւոր ու անկարեւոր բաներ, կա միայն ու միայն առաջ շարժվելու սկզբունք` իր ճանապարհին փոխելով ամեն ինչ... 

  Ժամանակը, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց է բերում մեր կյանք, ապա տանում խաբեբա խաչագողի պես: 
  Այդ տարօրինակ ժամանակը, որ երբեմն հաշված ամիսներում ավելի հասուն է դարձնում քան տարիներ շարունակ չէր արել: Որ տարօրինակ կերպով խոցոտում է, բայց չի սպանում, ապա հույս է տալիս, որ կբուժի... Չէ՞ որ ժամանակը բուժում է վերքերը... Ապա հրավիրում է իր ընկերներից մեկին` Կամքին, որ ուժ բերի...
  Իսկ դու զարմանում ես, թե որտեղից ստացար այդ անբացատրելի ուժը ոտքի կանգնելու, առաջ շարժվելու, զսպելու արցունքներդ, պայքարելու ու հիանալու ինքդ քեզանով... 
  Իսկ զարմանալու ոչինչ  չկա... Չէ՞ որ բոլորս մի միասնականության կտոր ենք, որ կոչվում է "Բնություն"... Պարզապես այնքան ենք հեռացել, որ մոռացել ենք... 
  Եվ ժամանակն է որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է մեզ մեր իսկ մասին: