вторник, 12 июня 2018 г.

Մինչեւ Նա կամ Ներիր

Ապրում էի առանց ապրել,
Շնչում էի առանց շնչել,
Քայլում էի, մնում տեղում.
Վազում էի ու հետ մնում:

Անցնում էին ժամեր, օրեր.
Գուցե ամիս ու տարիներ:
Բան չեմ հիշում այդ ամենից`
Թե՛ քո կյանքից, թե՛ իմինից:

Գալիս էին մարդիկ, գնում.
Կարծում էին հետք են թողնում:
Բայց չեմ հիշում եւ ոչ մեկին,
Մոռացել եմ ես ամենքին:

Լոկ մի դեմք կար, մի զույգ աչքեր,
Մի կոտրած սիրտ, խառը մտքեր.
Միայն դա էր, ինչ հիշում էի,
Իսկ դրանք էլ մշուշվում էին...


12.06.2018

Հեղինակ` Էլյա Մանուկյան

Վերնագիր` Մինչեւ Նա կամ Ներիր

четверг, 7 июня 2018 г.

Քո Աղջիկից

Նայում եմ քեզ, փորձում հպվել...
Մոտեցնում եմ ձեռքս այտիդ.
Բայց շոյում եմ առանց կպնել,
Առանց հպման զգում հոգիդ:

Հոգին քո պարզ ու սիրելի,
Որ թաքցնում ես ինձնից անգամ:
Չեմ մեղադրում. այն ինձ էլի
Հարազատ է ու բարեկամ:

Ինձ քեզանից պետք չէ ոչինչ.
Միայն մի գիրկ ու մի  համբույր:
Եւ կունենամ ես ամեն ինչ...
Երկրի վրա ու ամենուր:

Ուր էլ լինեմ, գեթ մեկ համբույր.
Օդ կունենամ ես շնչելու:
Իսկ քո գիրկը ջերմ ու ամուր՝
Օթեւանն է իմ հանգչելու...

07.06.2018

Հեղինակ` Էլյա Մանուկյան

Վերնագիր` Քո Աղջիկից

четверг, 1 декабря 2016 г.

Եթե միայն իմանայիր

Եթե միայն իմանայիր, որքան Սեր կա ափերիս մեջ,
Դու կատեիր իմ ձեռքերը, որ թաքցնում եմ քեզ տեսնելիս:

Եթե միայն իմանայիր, որքան Սեր կա աչքերիս մեջ,
Դու կատեիր իմ աչքերը, որ փախչում են քո հայացքից...

Դու կատեիր, որ չեմ դնում իմ ափերը սրտիդ վրա
Ու չեմ բուժում ամեն ցավից ինչ-որ անհայտ կախարդանքով:

Ինձ կատեիր, որ չեմ բացում նոր աշխարհներն աչքերիս մեջ.
Իմ այս սառը լռությունից դու կատեիր ինձ ողջ հոգով:

Դու կատեիր այնքան երկար, այնքան սրտանց, այնքան անչափ,
Որ դժվար է այդքան շատին ատելություն անունը տալ: 

Այդքան շատին, ես լսել եմ, շփոթմունքով, պատահաբար,
Մարդիկ խառնում ու սկսում են Անմար Սիրո կոչումը տալ:


01.12.2016

Հեղինակ` Էլյա Մանուկյան

Վերնագիր` Եթե միայն իմանայիր

понедельник, 28 сентября 2015 г.

Ինձ չներեցիր քո ուշացումը



Սիրտս հոգնել է տխուր երգերից,
Ուզում եմ գրել լույս սիրո մասին.
Հոգնել եմ երգել սիրո վերքերից,
Եվ երազելուց լինել միասին:

Ինձ համար մեկ է, որ դու էլ չկաս,
Ու մեկ է նաեւ, որ չես էլ լինի,
Գնա քո ճամփով, դե՛ բարով մնաս,
Թող իմ օրհնանքը միշտ քեզ հետ լինի:

Տար քեզ հետ իմ սիրտն ու սերը անմար,
Ինձ պետք չէ այդ սիրտն, եթե չկաս դու.
Այն ստեղծված էր քե՛զ սիրելու համար,
Ստեղծված տրվելու միայն մեկ մարդու:

Պահիր որպես հուշ քո գաղտնարանում,
Պահիր սրբորեն, իմ խնդրանքն է քեզ,
Թող կյանքի դաժան կառափնարանում,
Քեզ միշտ հույս բերի ու լույս բերի քեզ:

Թող այն հիշեցնի լոկ սիրո պահեր,
Երջանիկ օրեր մի խենթ ամառից,
Երբ վերանում էր շահեր ու ահեր,
Մեր ունայն հոգու մռայլ աշխարհից:

Դե էլ ինչ ասեմ, ուշացած իմ սեր,
Գնա ու փնտրիր չուշացած սերեր,
Դու չներեցիր ուշացումը մեր,
Մինչդեռ սերը մեզ նոր կյանք կբերեր:


28.09.2015


Հեղինակ՝ Էլյա Մանուկյան

Վերնագիր՝ Ինձ չներեցիր քո ուշացումը


воскресенье, 30 августа 2015 г.

Նա ես էի




Մութ էր: Նստել էի սենյակիս պատի տակ ու մտածում էի: Արդեն երրորդ գիշերն էր, որ մի վայրկյան անգամ չէի քնել: Ո՞վ եմ ես, որտե՞ղ էի, ու՞ր եմ հասել, ինչպե՞ս: Հարցերի շարան, որ չէին կարողանում գտնել իրենց պատասխանները: Միայն գիտակցում էի իմ անզորությունն ու մենակությունը: Ես էլի մենակ էի: Ինչպես միշտ: Թե' ուրախության պահին, թե տխրության, եւ թե հիասթափության: Բայց ինքնաքննադատ ոգին իմ մեջ չէր թողնում մեղադրեմ քեզ, նրան, կամ այլ մարդկանց: Ամեն եզրակացության վերջում գալիս էի նույն մտքին. որ ես եմ մեղավոր: Մեղավոր գլուխս առնում էի մեղավոր ձեռքերիս մեջ, հակվում դեպի մեղավոր ոտքերս ու կծկվում: Կարծես պաշտպանվելիս լինեի ինչ-որ մեկից: Ասես խիղճս եկել, հարվածում էր ու այդ հոգեկան ցավը տարածվում էր ամբողջ մարմնովս: Այլեւս ուժ չկար...
  Երրորդ գիշերը գիտակցությունս հանձնվեց տանջված մարմնիս պահանջին, որ գոնե մի քանի ժամվա քուն էր խնդրում: Եվ ես քնեցի... Օ՜, այդ երանությունը: Ընդամենը մի քանի ժամ ես մենակ քայլում էի: Քայլում էի ժամանակին հակառակ: Սլաքները ետ էին պտտվում, ու ես գնում էի իմ իսկ անցած ուղիներով: Ժամանակ առ ժամանակ կանգ էի առնում, հիանում այն գեղեցիկ պահերով, որոնցով մի հավերժություն եմ ապրել ու հասկանում, որ ինչ-որ այլ տարածության մեջ ու այլ ֆիզիկական օրենքների համաձայն անմահ եմ եղել: Ապա շարունակում էի իմ ուղին դեպի անցյալ: Այդ ուղեւորությունը, որի միակ նպատակը գտնելն էր: Գտնել ինձ. այն մարդուն, ով մնացել էր ինչ-որ մի տեղ՝ իմ իսկ անցյալում: Այն մարդուն, ում ուրախ եւ զվարթ ծիծաղի տակ իրական ուրախություն էր: Մարդ, ով վայելում էր իր կյանքի ամեն պահը ու գնահատում ամեն վայրկյանի գեղեցկությունը: Ա՜խ, ոնց էի կարոտում նրան ու իմ հոգնած կոպերն ամեն անգամ փակելիս գիտակցում նրա կորուստը:
  Քայլում էի անցյալիս ծանոթ ու հարազատ արահետներով, ու հարցերի պատասխաններն իրենք էին գալիս: Տեսնում էի ամեն բան կողքից: Այնքան սեր, այնքան հիասթափություններ, անքուն գիշերներ, կոծկված ցավեր, ստեր, լուռ հայացքներ, գաղտնիքներ, հպարտություն, հպարտություն եւ էլի հպարտություն: Հպարտությունը մոլախոտի պես լցված էր ամբողջ ճանապարհիս: Աստծու կողմից սահմանված յոթ մեղքերից առաջինը եւ ամենագլխավորը, որին թողել էի բույն դներ հոգումս եւ այնքան գլուխ բարձրացներ, որ կապեր շուրթերս ու չթողներ ասել. «Մի գնա...»: Թողել էի ստիպեր զղջալ հանուն սիրո արված զիջումների համար, ծաղրեր միամտությունս ու թելադրեր իր կամքը:
  Այսպես քայլում էի իմ անցած ուղով, քայլում էի մինչեւ լույս ու որոնում պատասխաններ, որոնք միշտ քթիս տակ էին եղել: Որոնում էի նրան, ում այդպես էլ չէի գտնում: Ոտքերս սառել էին: Մրսում էի: Շուտով հուսահատ եւ ուժասպառ ընկա ճանապարհի մի կետում ու լռություն տիրեց: Քիչ անց զգացի ինչ-որ մեկի ձեռքը ուսիս: Ուրախությամբ  շրջվեցի, բայց չտեսա նրան... Արթնացա...
  Ինձ արթնացնում էր մայրիկս ու բարկանում, որ սառը հատակին եմ քնել: Մրսում էի: Գլուխս բարձրացրեցի ու սենյակի աջ անկյունում տեսա նրան... Նրան ում այդպես էլ չգտա երազում: Նա վերադարձել էր: Ես ապշած նայում էի, իսկ նա ծիծաղում էր: Նա երջանիկ էր: Նրա ծիծաղը զրնգում էր սենյակում: Այդ անհոգ աղջնակը, որ միշտ բոլորին ուրախացրել էր իր թեթեւ ու եթերային էությամբ, փայլում էր երջանկության մեջ, իսկ աչքերում սեր էր ու միայն սեր: Նրա մեջ լույսն էր: 
  Ես լուռ ժպտում էի ու հրավիրում նրան իմ մեջ... Նա ես էի...


27.08.2015թ.
Հեղինակ՝ Էլյա Մանուկյան

вторник, 4 августа 2015 г.

Հատված իմ «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Տիեզերքում՝ Պլուտոն եւ Ուրան մոլորակների միջեւ, կա մի փոքրիկ, գաղտնի աշխարհ: Այդ աշխարհում ապրում էինք մենք՝ նա, ես եւ մեզ դեպի այնտեղ ուղեկցողը: Դա մի վայր էր, որտեղ ծաղկում էին այնպիսի ծաղիկներ, որոնք չեք տեսել, իսկ գույները, գույներն այլ էին: Միայն այնտեղ հնարավոր դարձավ հասկանալ, որ Երկրի վրա մռայլ է եւ անգույն: Մենք այնտեղ էինք: Օդի փոխարեն սեր էինք շնչում եւ սնվում միայն համբույրներով: Ամեն վայրկյանը հավերժություն էր տեւում, եւ կորցնում էինք ժամանակի զգացողությունը: Մենք ազատ էինք, ազատ ինչպես երբեւէ: Չկային մարդիկ իրենց ամպագոռգոռ օրենքներով, չկար տարածություն, եւ չկար ժամանակ: Սթափ միտքը զրոյանում էր, ու միայն մնում էր տրվել զգացմունքներին, վայելել մեր կարճատեւ երջանկությունը: Այո, կարճատեւ, քանի որ մենք երկար չմնացինք: Թողնելով նրան այնտեղ՝ վերադարձանք իրական կյանք եւ փակեցինք բոլոր ելքերն ու մուտքերը: Իսկ նա մնաց այնտեղ... Մենակ...
  Այդ անմահ զգացմունքը դատապարտեցինք հավիտենական միայնության, հավերժ տանջանքի: Հիմա նա գոռում է ու զարկվում այն փակ աշխարհի պատերին, գոռում է մեր անուններն ու մեզ ետ կանչում: Մի պահ գժվում է, ապա բուժվում: Նստում է պատերի տակ ու լալիս՝ ցավից ծնկի գալով ու գլուխն առնելով դողդոջուն ձեռքերի մեջ: Այդ խղճուկը հիմա զղջում է, բայց ուշ է: Ու թեեւ գիտակցում եմ նրա տանջանքի չափը, միեւնույն է, չեմ խղճում: Մի՞գուցե արժանի է: Կարծում եմ՝ մեզ նույնիսկ դուր է գալիս նրա տանջանքը: Չէ՞ որ նրա սխալն էր իրար կապել երկու սրտեր, որոնք պետք չէր կապվեին: Երկու սրտեր, որոնց ճակատագիրն է հրաժարվում կապել: Չէ՞ որ գիտակցում էր, որ մենք Երկիր մոլորակի անպաշտպան ու անազատ արարածներ ենք, ովքեր չէին կարող մնալ Պլուտոնի եւ Ուրանի միջակայքում տեղակայված մի աներեւույթ աշխարհում: Գիտակցում էր, որ մի օր թողելու ենք իրեն մենակ ու հեռանանք դեպի իրականություն: Մեր իրականություն, որտեղ կմնա գոյատեւել մի երկու այդքան էլ, որքան գոյատեւել ենք ու լքել աշխարհը դեպի անհայտություն:
  Իսկ նա.. Չէ՞ որ նա անմահ է... Չէ՞ որ գեղեցիկ է ու նման գեղեցկությամբ փակված է տիեզերքի մի անկյունում: Փակված է եւ այլեւս չի կարողանա երջանկացնի եւ ոչ մեկի... Այլեւս ոչ ոք չի ապրի այն երջանկությունը, որ մեզ հասավ, եւ ոչ ոք չի զգա այս անասելի ու կործանարար ցավը, որ հիմա պարուրել է մեր սրտերը: Եւ գուցե դրանով իսկ մենք փրկել ենք միլիոնների՞:








03.08.2015թ.
Հեղինակ՝ Էլյա Մանուկյան

вторник, 2 сентября 2014 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Մի տուն կա, որտեղ ես գնում եմ երբեմն եւ առանձնանում բոլորից, կտրվում աշխարհից, թաքնվում մարդկանցից եւ վայելում մենակությունս: 
  Այդ տան բնակիչներն են ջարդուփշուր եղած հույզերը եւ շատ քաղցր, բայց ցավոտ հիշողությունները: Այնտեղ միշտ խառնաշփոթ է: Երբեմն-երբեմն կեղտոտ ու կոտրատված ապակիներից մի քանի շողեր են ներս սահում՝ մեղմելով սենյակի մթությունը: Անթարթ կարելի է նայել այդժամ սենյակում պարող ստվերներին, որոնք կարծես ծաղրում են ու հիշեցնում ինչ-որ մեկի ուրվագծերը: Սենյակի դասավորությունից եւ ամեն տեսակի հարմարություններից անմիջապես կարելի է հասկանալ, որ նախկինում այնտեղ ապրել է ինչ-որ մեկը: Մրոտ պատերը նախկինում սիրով են շնչել իսկ անկյունի թոշնած ծաղիկները ծաղկել են տարին տասներկու ամիս ու իրենց բույրով գցել էյֆորիայի մեջ, որից կարծես անհնար է դուրս գալ:
  Ես շատ եմ սիրում այդ տուն այցելել: Ծալապատիկ նստում եմ պատերից մեկի տակ, նայում շուրջս, իսկ աչքերիցս ափսոսանքի արցունքներ են գնում: Դա իմ առանձնարանն է, որի տեղը ոչ ոք չգիտի, որը թաքցրել եմ բոլորից: Եվ անգամ հիմա, երբ դուք գիտեք դրա մասին, միեւնույն է չեք գտնի.. 
  Այն իմ սրտում է...








02.09.2014թ.

Հեղինակ` Էլյա Մանուկյան