суббота, 1 сентября 2012 г.

Մեկ կիլոմետրը մետրի մեջ...

Կա մի զուլալ երջանկություն,
Որ օգնում է վեր բարձրանալ,
Իր հետ բերում հաջողություն
Ու ստիպում է սիրտդ բանալ:

Ընկերություն է դա կոչվում,
Բայց հասու չէ ամեն մեկին,
Այն ես համարում եմ կոչում,
Որը պետք չէ տալ ամենքին:

Նվիրում ես սիրտդ նրան, 
Պատրաստ օգնել ամեն հարցում,
Համարում ես հույսի օրրան,
Իսկ նա կեղծիքն է իր թաքցնում:

Բայց գալիս է օրն այն ցավոտ,
Երբ հասկանում ես ամեն ինչ,
Արթնանալով մի առավոտ
Մտածում ես "չունեմ ոչինչ...":

Գիտակցում ես ինչ ես կորցնում`
Սրտիդ մասնիկը պոկելով.
Բայց մասնիկն այդ կիսապոկված`
Ցավ էր բերում օրորվելով:

Լավ է լինել առանց ընկեր,
Քան ունենալ այն տեսակի,
Որ բերում են տհաճ մտքեր,
Ու էլ չես զգում քեզ եզակի:



30.03.2012
Հեղինակ`  
Էլյա Մանուկյան

суббота, 18 августа 2012 г.

ԽՈՀԵՐ ՇԱՐՔԻՑ


Անկեղծության ժամ


      Եվ այսպես... 
    Մի կարճ ժամանակահատված, որ փոխեց ամբողջ կյանքս... Առաջին հայացքից անհեթեթ իրադարձությունների շղթա, իսկ իրականում նոր կյանքի, նոր սիրո սկիզբ... Մեծ սիրո սկիզբ...
   Դու ես իմ սրտի միակը: Քեզ եմ սիրում, քեզնով շնչում: Դու ես սրտիս հավերժական բնակիչը: Ներիր, որ չեմ կարողանում բարձրաձայն ասել այս ամենը, պարզապես չեմ կարողանում: Թվում է սառն եմ, անտարբեր, բայց իրականում եռում է արյունս, սիրտս բաբախում, երբ նայում ես աչքերիս ու լռում, եւ այդ լռության մեջ գտնում եմ այն մեծ Սերդ, որ տարածում ես մեր մեջ...
  Հասկանում եմ, որ ամբողջ կյանքս ապրել եմ քեզ հանդիպելու սպասումով, անգիտակցաբար հենց քո մասին երազել... Դու հրաշք ես, լուսավոր կետ որ հանդիպեց իմ մռայլ կյանքում ու հույսով լցրեց սիրտս: Հույսով որ հենց այդ կետն է ելքը...
Իսկ եթե չլիներ այս թուղթն ու գրիչը, կխելագարվեի... Այնքան դժվար է արտասանել` աչքերիդ նայելով. «Ես քեզ սիրում եմ»: 
    Դա ինչի՞ նշան է: Գուցե այն բանի, որ մեր Սերը երկրային չէ, այլ երկնային է: Առեղծվածային ինչպես տիեզերքը, պայծառ ինչպես աստղերը, լուսավոր ինչպես արեւը, մելամաղձոտ ինչպես լուսինը, հորդառատ ինչպես անձրեւը, ճերմակ ու մաքուր ինչպես ձյունը, հոտավետ ինչպես ծաղիկներն են, վառ ինչպես աշխարհի բոլոր լույսերը միասին, նորաստեղծ ինչպես հրաշք նորածինն է լինում.............
    Եվ վերջապես սիրահարված ինչպես մենք ենք... Մենք ենք գլխավոր հերոսները եւ կերտում ենք մեր սեփական պատմությունը, որը նման չէ ոչ մեկին: Պատմություն, որ կապում է մեր սրտերը անտես թելերով, որ ուր էլ գնանք, ձգվենք իրար ուղղությամբ, որ չբաժանվենք երբեք....

суббота, 11 августа 2012 г.

ԵԼՔ ԴԵՊԻ ՊԱՅՔԱՐ

Ինչու՞  երբ  ուզում  եմ  ես  վերջապես  ապրել,
Կյանքը  խորտակում  է  երազներս  բոլոր,
Իսկ  երբ  տխուր, տրտում  ես  ուզում  եմ  մեռնել,
Կյանքը  ափ  է  նետում, որ  տառապեմ  մոլոր:

Որ  տանջվելուց  հետո  կանգնեմ, նայեմ  առաջ
Ու  չտեսնեմ  ոչինչ  բացի  մեծ  պայքարից.
Պայքար  որի  վերջում  միշտ  հիմարն  է  առաջ,
Մեկ  էլ  ով  չի  սիրում  ու  որ  սիրտն  է  քարից:

Այդպես  խորտակված  եմ  փոթորիկից  կյանքիս
Եվ  առջեւում  միայն  մեծ  պայքար  եմ  տեսնում.
Եվ  ես  հավատում  եմ, հավատում  է  հոգիս,
Ապագայում  մի  մեծ  հաղթանակ  է  սպասվում:

Եվ  ես  համոզված  եմ  որ  կարող  եմ  հաղթել`
Չլինելով  հիմար, չլինելով  եւ  քար,
Որ  կարող  եմ  կյանքիս դժվար  ուղին  հարթել`
Ոչ  թե  այնպես  օդից, այլ  մղելով  պայքար:




09.07.2007
Հեղինակ` Էլյա Մանուկյան 

вторник, 29 мая 2012 г.

Խոհեր շարքից...


...

   Վերջերս հաճախ էի մտածում, թե ինչ է պետք մարդուն երջանկության համար: Մարդիկ անընդհատ սպասում են` ինչ-որ բանի, ինչ-որ մեկի կամ ինչ-որ իրադարձության:
  Ոմանք, հետեւելով վերջերս տարածում գտած կասկածելի ֆիլմերի պարունակությանը, գրում են թղթի վրա իրենց ցանկությունները, ապա նստում ու սպասում իրականանալուն, իսկ միթե Աստված ձեզ չի տվել ուղեղ, ձեռք ու ոտք, որպեսզի հասնեք ձեր ուզածին:
  Միթե այդ խղճուկ թղթի կտորն է, որ պիտի օգնի հասկանաք ինքներդ ձեզ, եթե ինքնուրույն չեք կարողացել...
  Բայց մի բան հանգիստ չի տալիս, հուզում է ու գցում անվերջ փնտրտուքի մեջ...

Աղոթք

   Աստված իմ, ես գիտեմ, որ դու քննում ես սիրտս, եւ քեզ հայտնի են անգամ այն ցանկություններս, որոնք ես չեմ հասկանում: Գիտեմ, որ ամեն ուզած բան միշտ չէ, որ պետք է իրականում:
   Դու գիտես իմ մտքերը... Եվ վստահ եմ, ավելի քան վստահ, որ նախապատրաստել ես ինձ համար ամենա-ամենակարեւոր եւ բարի դեպքերը...
   Ապա տուր ինձ ուշադրություն նկատելու այդ պարգեւները, հայտնվելու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Տուր այնքան աշխատասիրություն ու եռանդ, որպեսզի երջանկանամ` քաղելով իմ իսկ ջանասիրության պտուղները...
   Ես սպասում եմ ու շնորհակալություն հայտնում այն ամենի համար ինչ ունեմ, ինչ ունեցել եմ եւ դեռ պիտի ունենամ...
   Շնորհակալ եմ այն ամեն ավելորդ բաների համար ինչ կորցրել եմ...
  Այո': Ազատիր ինձ անպիտան իրերից: Ինչու ոչ, անպիտան մարդկանցից... Եվ անպիտան հիշողություններից... Ամէն:

Հ.Գ.` Ոչ մի աղանդավորական խմբի անդամ չեմ, եւ անձամբ էլ աղանդավորներին ցույց եմ տալիս իրանց իրական տեղը... Հայ եմ, Հայ-առաքելական եկեղեցու հավատացյալ...



среда, 29 июня 2011 г.

ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 5)

Եթե  ծանոթ  չեք  ստեղծագործությանը  ապա  հարկավոր  է  կարդալ
2. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 1)


Մաս 5
  Կրկին  նույն  եղանակն  էր, ինչպիսին  չորս  տարի  առաջ:
  Ինքնաթիռից  դանդաղ  քայլերով  իջնում  էր  մի  երիտասարդ:  Աստիճանի  վերջին  սանդղակին  էր, երբ  մի  խորհրդավոր  դեմք  ընդունեց, ապա  հանդարտ  ոտքը  դրեց  գետնին: Հայրենի  հողին, որին  վերջին  անգամ  պատանի  ժամանակ  էր  կանգնել: Սիրտը  դողում  էր, և  նա  ուզում  էր  գոռալ  երջանկությունից: Գոռալ, որ  վերջապես  հայրենիքում  է: Որ  եկել  է  ու  չի  հեռանալու: Որ  սիրել  է  ու  չի  մոռանալու: Ապա  կանգ  առավ  սիրելու  մտքի  վրա, հիշեց  Աքսանային, ապա` զբոսայգին, իրենց  տունը: 
Հիշեց  և  փութկոտ  քայլերով  շարժվեց  դեպի  տաքսին.  ցնծալի  ձայնով  ասաց  իրենց  հասցեն, որ  չորս  տարի  շարունակ  չէր  մոռացել: Նա  երազում  էր  այն  օրը, որ  կնստի  տաքսի  ու  բարձրաձայն  կասի  այդ  հասցեն, որը  միշտ  շշուկով  էր  արատասանում, որպես  սիրված  երգ:
  Մեքենան  շարժվում  էր, իսկ  նա  անդադար  կրկնում  էր. 
  _Որ  խնդրեմ  արագ  չե՞ք  գնա:
  _Այսքանից  ավելի  չեմ  կարող,_պատասխանում  էր  վարորդը,_ բայց  կարող  եք  հավատացած  լինել, որ  մենք  բավականին  արագ  ենք  շարժվում:
  Սակայն  այնքան  դանդաղ  էր  թվում  նրան  մեքենայի  անիծյալ  ընքացքը:
  Շուտով  նա  իրենց  դռան  առաջ  էր  կանգնած: Սովորության  համաձայն, ուզում  էր  թակել  դուռը, սակայն  ետ  քաշեց  ձեռքը, ապա  հանեց  բանալին  ու  այնպիսի  արագությամբ  սկսեց  բացել, որ  կողքից  նայողին  կթվար, թե  կկոտրվի  բանալին:
  Բացելով  դուռը` ներս  մտավ:
  Թե  ինչ  վիճակում  էր  տունը, Սերգեյը  չէր  սիրում  հիշել, քանզի  դա  ազգի  ողբերգությունն  էր: Ամեն  ինչ  փոքր-ինչ  կարգի  բերելուց  հետո  լրիվ  ուժասպառ  պառկեց  և  պառկելուն  պես  քնեց: 
Նա  անուշ  ժպտում  էր  քնած  ժամանակ: Չէ՞ որ  երազում  տեսնում  էր  մանկության  զբոսայգին: Զբոսայգում  էր  նաև  Աքսանան: Թեև  տարիներ  էին  անցել  և  նա  այնքան  էլ  լավ  չէր  հիշում  Աքսանային, բայց  մի  հայացք  դրոշմված  էր  նրա  ուղեղում: Այնտեղ  էին  նրա  հեռու  և  մոտիկ  ընկերները: Նա  տեսնում  էր  խաղադաշտը, որտեղ  միշտ  ֆուտբոլ  էին  խաղում: Ու  այսպես  ամբողջ  գիշեր: Հին  երազներ, որոնք  միշտ  էլ  տեսել  էր. սկսած  հենց  այն  օրից, որ  հեռացավ  հայրենիքից:
  Հաջորդ  օրը  նա  դուրս  եկավ  տնից  և, քայլերն  ակամա  ուղղվեցին  դեպի  զբոսայգին:
  Չորս  տարվա  ընթացքում  շատ  բաներ  էին  փոխվել, որոնց  թվին  էր  պատկանում  նաև  մի  նստարան, որ  գտնվում  էր  այն  նույն  սյան  կողքին: Կարծես  հենց  Սերգեյի  համար  պատրաստած  լինեին, քանզի  ամեն  օր  գալիս  էր  ու  շատ  երկար  նստում` առանց  հասկանալու  թե  ինչու: Նստում  էր  ու  ակամա  սկսում  հիացած  նայել  սյանը, իսկ  սյան  կողքին  պատկերացնել  իր  երազների  աղջկան` Աքսանային: Երբեմն  էլ  շշնջում  նրա  անունը:
  Նա  զարմանում  էր  իր  զգացմունքներից: Մի՞թե  կարելի  է  սիրել  մեկին, որին  տեսել  ես  միայն  մեկ  անգամ  ու  չորս  տարի  շարունակ  չես  հանդիպել, որի  դեմքը  մշուշոտվել  է  հիշողությանդ  մեջ, սակայն  միևնույն  է` նրա  անունը  դրոշմվել  է  սրտիդ  ու  շուրթերիդ  դարձել  աղոթք:
  Դժվար  է  գտնել  մի  այսպիսի  մարդու…

среда, 2 февраля 2011 г.

ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ(ՄԱՍ 3 և ՄԱՍ 4)


Եթե  ծանոթ  չեք  ստեղծագործությանը  ապա  հարկավոր  է  կարդալ
1. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (Նախաբան)
2. ՁՅՈՒՆԱԽԱՌՆ ԱՆՁՐԵՎ (ՄԱՍ 1)

Մաս 3
  Իսկ  նա… Ում  մասին  չէր  դադարում  մտածել  Սերգեյը… Ի՞նչ  էր  անում: Հիշու՞մ  էր  երբևէ  այն  համարձակ  պատանուն: Ո՞վ  գիտեր, եթե  ոչ  միայն  հենց  ինքը: 
  Այո, որքան  էլ  դա  անհավատալի  էր, բայց  Աքսանան  հիշում  էր  Սերգեյին: Երբեմն, ինքն  իրեն  արտասանում  էր` Յոժա-Յոժա:
  Սակայն  ժամանակի  հետ  դա  անցավ: Նա  արդեն  գրեթե  չէր  հիշում Սերգեին: 
Գրեթե, քանի  որ  բնությունը  կարծես  չէր  թողում, որ  նրանք  մոռանային  միմյանց: Ամեն  անգամ, երբ  սկսում  էր  ձյունախառն  անձրև  գալ, նրան  այցելում  էր  մի  քաղցր  հիշողություն: Եվ  նա  չէր  հասկանում  լացել  է  ուզում  ցավից, թե  հոգեկան  անդորրից, որ  համակում  էր  նրան: Անդորր, որ  իրականում  փոթորկում  էր  հոգին:
  Նա  զգում  էր, որ  իրենց  պատմությունն  այդքանով  չի  վերջանա: Դասի  գնալիս նայում  էր  շուրջը: 
Գուցե  տեսնի  այն  տղային, որի  պատճառով  առաջին  անգամ նա  կարոտ  էր  զգում  անծանոթի  հանդեպ:  Առաջին  անգամ  նա  քայլելիս  նայում  էր  շուրջը: Իսկ  երբ  անձրև  էր  գալիս, նրա  ուշադրության  կենտրոնում  այն  սյունն  էր  հայտնվում, որին  դիպավ  նրա  ձեռքը: Սակայն  ժամանակը  բուժել  գիտի, և  բուժվեց  Աքսանան`  ցավեցնող  հուշերից:
  Իսկ  Սերգեյին  ժամանակն  էլ  չէր  կարողանում  օգնել:

Մաս 4
  Անցավ  չորս  տարի՝ չորս  տարի, որ  չորս  դարի  պես  դադաղ  էին  անցել: 
 Սերգեյի  հիշողություններում  մշուշոտ  մի  պատկեր  դեռ  ապրում  էր, որը  նրան  ուժ  էր  տալիս  դիմանալ  պանդխտության  տանջանքներին: Դա  մի  աղջնակ  էր  խոր  ու  խորհրդավոր  հայացքով: Նա  հիշում  էր  իր  մանկության  ընկերներին  և  իրենց  բակը, որտեղ  նա   իր  առաջին  մանկական  խաղերն  էր  խաղացել, որտեղ  նա  մեծացել  էր: 
Հանկարծ  աչքերում  արցունքները  սկսեցին  փայլել, և  որքան  էլ  փորձեց  զսպել  լացը, չկարողացավ: Երբ  լրիվ  իրերը  տեղավորեց  ճամպրուկում, հանկարծ  հիշեց  իր  ամենաթանկագին  գանձի  մասին: Նա  հանգիստ  քայլերով  մոտեցավ  իր  գրադարակին  և  այնտեղից  հանեց  մի  հասարակ  քարի  կտոր: Մի  սովորական  քարի  կտոր, որ  այնքան  արտասովոր  զգացմունքներ  էր  ծնում  նրա  մեջ: 
Աքսանայի  հուշը, հայրենասիրությունը  նրա  հոգում  ցավ  և  լացի  պոռթկում  էին  առաջացնում: Նա  սովորականի  պես  դրեց  քարը  գրպանում  և  դա  արեց  այնքան  զգուշորեն, ինչպես  առաջին  անգամ  էր  վերցրել  Հայաստանից  հեռանալու  նախորդ  օրը:
  Հանկարծ  սենյակի  դուռը  թակեց  մայրը  և  ներս  եկավ: Նա  մի  քիչ  փող տվեց  և  ասաց  որ  մի  քանի  ամսից  իրենք  էլ  կգան՝ Սերգեյի  հայրը, մայրը  և  կրտսեր  եղբայրը: 
Հաջորդ  օրը  նա  ելավ  տնից  մի  անբացատրելի  ուրախությամբ  ու  աչքերի  արտասովոր  փայլով: 
Նա  երջանիկ  էր  թեև  գիտեր, որ  կկարոտի  այն  երկիրը, որտեղ  ապրել  էր  չորս  տարի: Նա  գիտեր, սակայն  հայրենիքի  կարոտը  խեղդուք էր  առաջացնում  կոկորդում  և  կանչում: Այդ  կարոտը  ինչ-որ  անտես  պարաններով  ձգում  էր  նրան: 
  Նա  համարում  էր, որ  այդ  օրը  իր  նոր  կյանքի  սկիզբն  է  լինելու, սակայն….

Շարունակությունը` այստեղ ...