воскресенье, 16 декабря 2012 г.

Աբստրակցիա կամ Ոչինչ չի փոխվել


Որքան ժամանակ չեմ գրում երգեր,
Սակայն դրանից չեն բուժվում վերքեր.
Որքան ժամանակ չեմ գրում տաղեր,
Բայց ամենուրեք դեր է ու խաղեր:

Աշխարհն է փոխվել աչքերիս համար.
Պայծառ երազներ` անթիվ, անհամար…
Այլեւս չկան, չկան գնացին.
Միայն դրանցից հուշեր մնացին:

Էլի ապրում եմ, ընդունում ներկան,
Բայց կարոտում եմ հին օրերն այնքան,
Որ ամեն հաջորդ հիշողության հետ
Գիտակցում անցածն ու կորածն անհետ:

Եվ մեկը կասի. Բնական է դա.
Ապրիր ներկայում, ձգտիր ապագա:
Բայց ոնց կարող է բնական լինել
Այն, որ շատ մարդկանց ինքս եմ հորինել:

Այն, որ ընկերս ուրախ է անգամ,
Քանզի այլեւս իր կյանքում չկամ.
Ընկերություն, որ դառնում է սուտ ծես…
Այսքան կեղծիքից հոգնել եմ կարծես:

Ո՞վ է համարում սրանք բնական,
Մի՞թե լոկ ես եմ նկատում այսքանն.
Թե սա անցյալ է, ո՞վ կասի սակայն,
Ինչո՞վ է արդյոք տարբերվում ներկան:

Կորած ընկերներ, սուտ սեր ու հույսեր,
Աչքի բիբերը լայնացնող լույսեր,
Մի թուղթ, մի գրիչ, ալեկոծ հույզեր,
Անվերջ զարմացած թոթափվող ուսեր:




11-12.12.2012
Հեղինակ`Էլյա Մանուկյան