четверг, 1 декабря 2016 г.

Եթե միայն իմանայիր

Եթե միայն իմանայիր, որքան Սեր կա ափերիս մեջ,
Դու կատեիր իմ ձեռքերը, որ թաքցնում եմ քեզ տեսնելիս:

Եթե միայն իմանայիր, որքան Սեր կա աչքերիս մեջ,
Դու կատեիր իմ աչքերը, որ փախչում են քո հայացքից...

Դու կատեիր, որ չեմ դնում իմ ափերը սրտիդ վրա
Ու չեմ բուժում ամեն ցավից ինչ-որ անհայտ կախարդանքով:

Ինձ կատեիր, որ չեմ բացում նոր աշխարհներն աչքերիս մեջ.
Իմ այս սառը լռությունից դու կատեիր ինձ ողջ հոգով:

Դու կատեիր այնքան երկար, այնքան սրտանց, այնքան անչափ,
Որ դժվար է այդքան շատին ատելություն անունը տալ: 

Այդքան շատին, ես լսել եմ, շփոթմունքով, պատահաբար,
Մարդիկ խառնում ու սկսում են Անմար Սիրո կոչումը տալ:


01.12.2016

Հեղինակ` Էլյա Մանուկյան

Վերնագիր` Եթե միայն իմանայիր