пятница, 15 ноября 2013 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Բարեւ, այսօր էլ օրս սկսվեց քո մասին մտքերով: Թերեւս նախորդն էլ ավարտվել էր քեզանով. քեզանից մնացած հուշերի, մշուշոտված պատկերների խղճուկ պաշարով: Դրսում ապրիլյան անձրեւոտ եղանակ է... Հոգու վերքերը կտցահարող անձրեւի կաթիլները հարվածում են ուղիղ նյարդերիս ամենանուրբ լարերին ու ստիպում սրտիս ավելի արագ աշխատել:
  Գրում եմ… Եվ էլի այն հույսով, որ կունենամ մի՛ քիչ համարձակություն ուղղարկելու նամակս: Բայց դե գիտեմ, խորը համոզում ունեմ, որ սա էլ կավելանա նախորդ հարյուրավորների խրձին, կստորագրվի, կավելացվի ամսաթիվը ու կփակվի դարակիս մթության մեջ: Ճիշտ այնպես ինչպես իմ սերն եմ թաքցրել ինչ-որ մութ անկյունում` ստորագրված եւ ամսաթիվը վրան գրված… Պարզապես այս նամակը առանձնանում է հենց նրանով, որ կկրի հենց այդ նույն ամսաթիվը…
  Այո, տարի է անցել… Որքան բան է փոխվել եւ միեւնույն ժամանակ կարծես ոչինչ չի փոխվել… Ես չեմ էլ կարող ասել, որ հնարավոր չէ ապրել առանց քեզ, քանզի ահա ես, ապրում եմ… Բայց ուզում եմ իմանալ. արդյո՞ք սա է կոչվում ապրել: Ապրել մեծ ցավը սրտի մեջ դաշույնի պես խրված, արնաքամ անող մի ցավ, որ արդեն հարազատ է դարձել: Դարձել է իմ մի մասնիկը: Մասնիկ, որ  ամեն օր քայքայում է սիրտս ներսից, ու այդ ցավը սկսել է նույնիսկ հաճելի դառնալ: Գլխումս անընդհատ նույն միտքն է պտտվում` մոռանալ, մոռանալ, գրողը տանի, մոռանա՛լ: Սակայն այդ մտքերը հասու չեն սրտիս, որ ինչ-որ տարօրինակ կախվածություն ունի քո սիրո ցավից…
  Աչքերիս առաջ մի տեսակ մշուշ է սկսում առաջանալ… Մի քանի վայրկյանից այս նամակս էլ կկնքեմ աշխարհի ամենաիսկական կնիքով` արցունքով, որի մեջ պատկերներ են: Հիշողությանս մեջ հավերժ դրոշմված ու աչքերիս մեջ փայլող պատկերներ անցյալից: