понедельник, 11 февраля 2013 г.

Հայելու առաջ


Ես միայնակ եմ անցնում իմ ուղին,
Չկան ընկերներ, ոչ էլ բարեկամ.
Բարիս կամեցող ընկերներ ունեմ,
Սակայն իմ կողքից հեռու են այնքա՜ն:

Ես նայում եմ ինձ` տեսնում մի պատկեր,
Որը ամեն օր տեսնում են մարդիկ.
Կարծես հասարակ ու կլոր աչքեր,
Իսկ խորքում անհայտ թախիծ ու գաղտնիք:

Հայացք զարմացած, ուրախ կամ տխուր,
Թեթեւ խորշոմներ դիմախաղային,
Ժպիտ ձեւական, ծիծաղ լիաթոք,
Առօրյա ուրախ շփում մարդկային…

Կանգնում եմ այսպես հայելու առաջ,
Նայում եմ երկար. ինձ նայող մարդուն:
Ի՞նչ մեղք եմ գործել ես նրա առաջ,
Ինչի՞ց են դժգոհ աչքերը անքուն…

Ի՜նչ ներքին պայքար, անձի երկվություն,
Ցավեցնող հուշեր անցյալ օրերից,
Ապագա տանող ի՜նչ երազանքներ
Նո՛ր ուշքի եկած` կյանքի օրորից:

Մի շատ ալեկոծ ու լուռ բանավեճ,
Հայելու առաջ, իմ ու իմ միջեւ.
Օդում լող տվող երազներ անվերջ...
Ու արցունք-մշուշ աչքերիս առջեւ…





11.02.2013 
Հեղինակ` Էլյա Մանուկյան 
Վերնագիր` Հայելու առաջ