вторник, 2 сентября 2014 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Մի տուն կա, որտեղ ես գնում եմ երբեմն եւ առանձնանում բոլորից, կտրվում աշխարհից, թաքնվում մարդկանցից եւ վայելում մենակությունս: 
  Այդ տան բնակիչներն են ջարդուփշուր եղած հույզերը եւ շատ քաղցր, բայց ցավոտ հիշողությունները: Այնտեղ միշտ խառնաշփոթ է: Երբեմն-երբեմն կեղտոտ ու կոտրատված ապակիներից մի քանի շողեր են ներս սահում՝ մեղմելով սենյակի մթությունը: Անթարթ կարելի է նայել այդժամ սենյակում պարող ստվերներին, որոնք կարծես ծաղրում են ու հիշեցնում ինչ-որ մեկի ուրվագծերը: Սենյակի դասավորությունից եւ ամեն տեսակի հարմարություններից անմիջապես կարելի է հասկանալ, որ նախկինում այնտեղ ապրել է ինչ-որ մեկը: Մրոտ պատերը նախկինում սիրով են շնչել իսկ անկյունի թոշնած ծաղիկները ծաղկել են տարին տասներկու ամիս ու իրենց բույրով գցել էյֆորիայի մեջ, որից կարծես անհնար է դուրս գալ:
  Ես շատ եմ սիրում այդ տուն այցելել: Ծալապատիկ նստում եմ պատերից մեկի տակ, նայում շուրջս, իսկ աչքերիցս ափսոսանքի արցունքներ են գնում: Դա իմ առանձնարանն է, որի տեղը ոչ ոք չգիտի, որը թաքցրել եմ բոլորից: Եվ անգամ հիմա, երբ դուք գիտեք դրա մասին, միեւնույն է չեք գտնի.. 
  Այն իմ սրտում է...








02.09.2014թ.

Հեղինակ` Էլյա Մանուկյան


среда, 16 июля 2014 г.

Մի քիչ իմ մասին

Ես շատ եմ ուզում մնաք իմ կյանքում,
Բայց միեւնույն է, ձեզ չեմ աղերսում.
Իսկ, երբ ինքս եմ դռները փակում,
Լուռ հեռանալով՝ ոչինչ չեմ ասում...

Զղջումից հետո ափսոս չեմ երգում
Եվ զղջացողին ամոթ չեմ ասում,
Իսկ իմ զղջումին ամոթ ասողին,
Կրկին կներես երբեք չեմ ասում:

Բայց ի սեր Աստծո, ես չեմ բողոքում
Երբ ամռան շոգին հոգիս է մրսում:
Ես չեմ բողոքում անգամ նրանից, 
Որ իմ բողոքը ոչ ոք չի լսում:

Այլ հասկանում եմ, այս մոլորակում
Հնարավորից շատ բան եմ ուզում,
Իսկ ամենից շատ իմ ամբողջ կյանքում,
Այլեւս ոչինչ չուզել եմ ուզում:


15.07.2014

Հեղինակ` Էլյա Մանուկյան

Վերնագիր` Մի քիչ իմ մասին

пятница, 14 марта 2014 г.

Գրական աբստրակցիա

Երկու էություն, երկու տառապանք,
Երկու զգացմունք եւ երկու պատրանք:
Բազմակի ապրում, հազար երազանք,
Սակայն մեկ ուղի եւ միայն մեկ կյանք:

Դու չես հասկանում` ինչն է այդքան բարդ.
Մտքերդ խառն են, հայացքդ` անթարթ:
Ընտրության առաջ կանգնո՞ղն է դժբախտ,
Թե՞ նա ով չունի ընտրելու մեծ բախտ:
Առանց պատասխան այնքան շատ հարցեր,
Առանց արդյունքի անիմաստ փորձեր,
Ջերմություն ու սեր, ապրումներ ներքին,
Սառը, անտարբեր պահվածք արտաքին:
Ուզում ես` մարդիկ սիրեն քո հոգին,
Տեսնեն անսահման սիրելուդ ոգին:
Բայց եթե դու չես հասկանում կարգին,
Ինչպե
՞ս հասկանան աշխարհդ ներքին:
Մի կետում խաչված սեր ու մոռացում,
Ներում ու զղջում, պատնեշ ու անցում:
Անսահման կարոտ, որ սիրտ է խոցում,
Եվ մարդ, որ նորից ապրել է փորձում:


12-14.03.2014
Հեղինակ` Էլյա Մանուկյան
Վերնագիր` Գրական աբստրակցիա