пятница, 15 ноября 2013 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Բարեւ, այսօր էլ օրս սկսվեց քո մասին մտքերով: Թերեւս նախորդն էլ ավարտվել էր քեզանով. քեզանից մնացած հուշերի, մշուշոտված պատկերների խղճուկ պաշարով: Դրսում ապրիլյան անձրեւոտ եղանակ է... Հոգու վերքերը կտցահարող անձրեւի կաթիլները հարվածում են ուղիղ նյարդերիս ամենանուրբ լարերին ու ստիպում սրտիս ավելի արագ աշխատել:
  Գրում եմ… Եվ էլի այն հույսով, որ կունենամ մի՛ քիչ համարձակություն ուղղարկելու նամակս: Բայց դե գիտեմ, խորը համոզում ունեմ, որ սա էլ կավելանա նախորդ հարյուրավորների խրձին, կստորագրվի, կավելացվի ամսաթիվը ու կփակվի դարակիս մթության մեջ: Ճիշտ այնպես ինչպես իմ սերն եմ թաքցրել ինչ-որ մութ անկյունում` ստորագրված եւ ամսաթիվը վրան գրված… Պարզապես այս նամակը առանձնանում է հենց նրանով, որ կկրի հենց այդ նույն ամսաթիվը…
  Այո, տարի է անցել… Որքան բան է փոխվել եւ միեւնույն ժամանակ կարծես ոչինչ չի փոխվել… Ես չեմ էլ կարող ասել, որ հնարավոր չէ ապրել առանց քեզ, քանզի ահա ես, ապրում եմ… Բայց ուզում եմ իմանալ. արդյո՞ք սա է կոչվում ապրել: Ապրել մեծ ցավը սրտի մեջ դաշույնի պես խրված, արնաքամ անող մի ցավ, որ արդեն հարազատ է դարձել: Դարձել է իմ մի մասնիկը: Մասնիկ, որ  ամեն օր քայքայում է սիրտս ներսից, ու այդ ցավը սկսել է նույնիսկ հաճելի դառնալ: Գլխումս անընդհատ նույն միտքն է պտտվում` մոռանալ, մոռանալ, գրողը տանի, մոռանա՛լ: Սակայն այդ մտքերը հասու չեն սրտիս, որ ինչ-որ տարօրինակ կախվածություն ունի քո սիրո ցավից…
  Աչքերիս առաջ մի տեսակ մշուշ է սկսում առաջանալ… Մի քանի վայրկյանից այս նամակս էլ կկնքեմ աշխարհի ամենաիսկական կնիքով` արցունքով, որի մեջ պատկերներ են: Հիշողությանս մեջ հավերժ դրոշմված ու աչքերիս մեջ փայլող պատկերներ անցյալից:




пятница, 13 сентября 2013 г.

Հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Ներիր, որ այսպես` հանկարծ ու անզգույշ,
Մի քար լռությամբ, անարցունք, անդարձ:
Ուզում եմ սերն այս պահենք որպես հուշ,
Ու էլ չլինի ո՛չ արցունք, ո՛չ լաց...
Բայց հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Թեև հիշում եմ ձեռքդ ձախ այտիս,
Մատներիդ թեթեւ հպումն սրտադող,
Համբույրիդ համը լուռ շրթունքներիս
Ու խոր հայացքդ հոգիս դուրս հանող...
Բայց հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Հիշում եմ թեև շատ ու շատ բաներ,
Որոնք չեն եղել ու չեն էլ լինի...
Լոկ խուլ պատկերներ, չհնչած բառեր,
Հազար այսպիսի թղթեր... Ու գինի...
Տես, հեռանում եմ...

Ես հեռանում եմ...
Թեև ուզում եմ չթողնես գնամ...
Բայց հեռանում եմ...
Լուռ հեռանում եմ...



10.09.2013

Հեղինակ՝  Էլյա Մանուկյան
Վերնագիր՝  Հեռանում եմ...

воскресенье, 25 августа 2013 г.

Հատված իմ նոր «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Ուզում էի գրկեիր ինձ… Եվ այնքան ամուր, որ իմ շնչառության փոխարեն քո սրտի զարկերը լսեի: Զգայի քո գլխապտույտ բույրը: Կանգ առներ ժամանակը: Մի հավերժություն անցներ այդ մի քանի վայրկյանում, եւ մոռացվեր ամեն ցավ ու տառապանք, լաց ու մորմոք: Այդ գրկախառնության մեջ ժպտայի ու աչքերս շատ պինդ սեղմեի, որպեսզի չարտասվեի… Բայց դե գիտեմ, որ միեւնույն է, ճմրթված կոպերիցս դուրս կսահեին երկու ջինջ ու աշխարհի ամենաերջանիկ արցունքի կաթիլները…
  Ապա լռությունը խախտվեց քո տաք ու սրտադող ձայնից: Չեմ հիշում ինչ ասեցիր: Երեւի չեմ էլ լսել, քանի որ այդ պահին հերթական անգամ երդվում էի այլեւս չերազել……



понедельник, 11 февраля 2013 г.

Հայելու առաջ


Ես միայնակ եմ անցնում իմ ուղին,
Չկան ընկերներ, ոչ էլ բարեկամ.
Բարիս կամեցող ընկերներ ունեմ,
Սակայն իմ կողքից հեռու են այնքա՜ն:

Ես նայում եմ ինձ` տեսնում մի պատկեր,
Որը ամեն օր տեսնում են մարդիկ.
Կարծես հասարակ ու կլոր աչքեր,
Իսկ խորքում անհայտ թախիծ ու գաղտնիք:

Հայացք զարմացած, ուրախ կամ տխուր,
Թեթեւ խորշոմներ դիմախաղային,
Ժպիտ ձեւական, ծիծաղ լիաթոք,
Առօրյա ուրախ շփում մարդկային…

Կանգնում եմ այսպես հայելու առաջ,
Նայում եմ երկար. ինձ նայող մարդուն:
Ի՞նչ մեղք եմ գործել ես նրա առաջ,
Ինչի՞ց են դժգոհ աչքերը անքուն…

Ի՜նչ ներքին պայքար, անձի երկվություն,
Ցավեցնող հուշեր անցյալ օրերից,
Ապագա տանող ի՜նչ երազանքներ
Նո՛ր ուշքի եկած` կյանքի օրորից:

Մի շատ ալեկոծ ու լուռ բանավեճ,
Հայելու առաջ, իմ ու իմ միջեւ.
Օդում լող տվող երազներ անվերջ...
Ու արցունք-մշուշ աչքերիս առջեւ…





11.02.2013 
Հեղինակ` Էլյա Մանուկյան 
Վերնագիր` Հայելու առաջ 

четверг, 10 января 2013 г.

Ինձ հետ դու դու ես


Իսկ դու ճախրում ես քո տարերքի մեջ
Ու կրկնում ես խոսքերն անընդմեջ,
Որ ինքնուրույն ես, ուժեղ ես, կարող,
Սակայն ինձ խաբել երբեք չես կարող:

Չէ՞ որ  այդ ուժդ միայն ու միայն
Զրահ է` փրկող այս կյանքից ունայն.
Որ ոչ ոք երբեք չիմանա կյանքում
Քո սրտում որքան սեր է բնակվում:

Մարդիկ չպիտի իմանան երբեք,
Որ արտասվել ես օրինակ երեկ…
Սերը դարձնում է մարդկանց խոցելի,
Այո՛, շատ հաճախ տանջանքով է լի:

Բայց դու որքան էլ բախտիցդ փախչես,
Որքան հույզերդ բոլորից թաքցնես,
Ինձ հետ դու դու ես` բարի ու քնքուշ…
Քանզի լսում եմ հոգուդ լարերի մեղեդին անուշ….




                10.01.2013
Հեղինակ` Էլյա Մանուկյան