воскресенье, 16 декабря 2012 г.

Աբստրակցիա կամ Ոչինչ չի փոխվել


Որքան ժամանակ չեմ գրում երգեր,
Սակայն դրանից չեն բուժվում վերքեր.
Որքան ժամանակ չեմ գրում տաղեր,
Բայց ամենուրեք դեր է ու խաղեր:

Աշխարհն է փոխվել աչքերիս համար.
Պայծառ երազներ` անթիվ, անհամար…
Այլեւս չկան, չկան գնացին.
Միայն դրանցից հուշեր մնացին:

Էլի ապրում եմ, ընդունում ներկան,
Բայց կարոտում եմ հին օրերն այնքան,
Որ ամեն հաջորդ հիշողության հետ
Գիտակցում անցածն ու կորածն անհետ:

Եվ մեկը կասի. Բնական է դա.
Ապրիր ներկայում, ձգտիր ապագա:
Բայց ոնց կարող է բնական լինել
Այն, որ շատ մարդկանց ինքս եմ հորինել:

Այն, որ ընկերս ուրախ է անգամ,
Քանզի այլեւս իր կյանքում չկամ.
Ընկերություն, որ դառնում է սուտ ծես…
Այսքան կեղծիքից հոգնել եմ կարծես:

Ո՞վ է համարում սրանք բնական,
Մի՞թե լոկ ես եմ նկատում այսքանն.
Թե սա անցյալ է, ո՞վ կասի սակայն,
Ինչո՞վ է արդյոք տարբերվում ներկան:

Կորած ընկերներ, սուտ սեր ու հույսեր,
Աչքի բիբերը լայնացնող լույսեր,
Մի թուղթ, մի գրիչ, ալեկոծ հույզեր,
Անվերջ զարմացած թոթափվող ուսեր:




11-12.12.2012
Հեղինակ`Էլյա Մանուկյան

воскресенье, 11 ноября 2012 г.

Ներիր...


Երբ ես քեզ տեսա այդպես հուսահատ,
Մի պահ հիշեցի անցյալս գունատ.
Ու երբ նայեցիր աչքերով թախծոտ,
Վերքս փորեցին հուշերը մաղձոտ:

Ինչու՞ սիրեցիր ինձ այդպես ուժեղ
Ու խորտակեցիր կյանքը քո գունեղ.
Իսկ ինձ մոտ ինչու՞ սիրել չստացվեց,
Այդ հարցն ինձ համար վերջերս պարզվեց:

Այո, պարզապես Նրան եմ սպասել,
Անգիտակցաբար նրան երազել,
Բայց այդուհանդերձ երբեք չեմ ուզել
Քո երազների թելերը խզել:

Ներիր, որ այդքան ցավ եմ պատճառել,
Որ հույսիդ վերջին օջախն եմ վառել.
Ես արժանի չեմ տանջանքիդ ցավոտ,
Կբացվի հաստատ մի նոր առավոտ...

Ու, երբ ուշքի գաս ու նայես կյանքին,
Այնտեղ կտեսնես երազդ անգին.
Այդժամ հուսով եմ կգաս ու կասես.
_Լավ ընկերներ ենք հիմա պարզապես:




Հեղինակ` Էլյա Մանուկյան

среда, 12 сентября 2012 г.

Կա՞... Թե՞ չկա...


  Չեմ հավատում, որ կա աշխարհում այն ինչ չկա, եւ որ չկա աշխարհում այն ինչ կա...
  Կարծես մեղավորներ եմ փնտրում, իսկ միակ մեղավորը ժամանակն է, որի համար ամեն ինչ ոչինչ է, որի համար չկան ոչ մի կարեւոր ու անկարեւոր բաներ, կա միայն ու միայն առաջ շարժվելու սկզբունք` իր ճանապարհին փոխելով ամեն ինչ... 

  Ժամանակը, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց է բերում մեր կյանք, ապա տանում խաբեբա խաչագողի պես: 
  Այդ տարօրինակ ժամանակը, որ երբեմն հաշված ամիսներում ավելի հասուն է դարձնում քան տարիներ շարունակ չէր արել: Որ տարօրինակ կերպով խոցոտում է, բայց չի սպանում, ապա հույս է տալիս, որ կբուժի... Չէ՞ որ ժամանակը բուժում է վերքերը... Ապա հրավիրում է իր ընկերներից մեկին` Կամքին, որ ուժ բերի...
  Իսկ դու զարմանում ես, թե որտեղից ստացար այդ անբացատրելի ուժը ոտքի կանգնելու, առաջ շարժվելու, զսպելու արցունքներդ, պայքարելու ու հիանալու ինքդ քեզանով... 
  Իսկ զարմանալու ոչինչ  չկա... Չէ՞ որ բոլորս մի միասնականության կտոր ենք, որ կոչվում է "Բնություն"... Պարզապես այնքան ենք հեռացել, որ մոռացել ենք... 
  Եվ ժամանակն է որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է մեզ մեր իսկ մասին:

суббота, 1 сентября 2012 г.

Մեկ կիլոմետրը մետրի մեջ...

Կա մի զուլալ երջանկություն,
Որ օգնում է վեր բարձրանալ,
Իր հետ բերում հաջողություն
Ու ստիպում է սիրտդ բանալ:

Ընկերություն է դա կոչվում,
Բայց հասու չէ ամեն մեկին,
Այն ես համարում եմ կոչում,
Որը պետք չէ տալ ամենքին:

Նվիրում ես սիրտդ նրան, 
Պատրաստ օգնել ամեն հարցում,
Համարում ես հույսի օրրան,
Իսկ նա կեղծիքն է իր թաքցնում:

Բայց գալիս է օրն այն ցավոտ,
Երբ հասկանում ես ամեն ինչ,
Արթնանալով մի առավոտ
Մտածում ես "չունեմ ոչինչ...":

Գիտակցում ես ինչ ես կորցնում`
Սրտիդ մասնիկը պոկելով.
Բայց մասնիկն այդ կիսապոկված`
Ցավ էր բերում օրորվելով:

Լավ է լինել առանց ընկեր,
Քան ունենալ այն տեսակի,
Որ բերում են տհաճ մտքեր,
Ու էլ չես զգում քեզ եզակի:



30.03.2012
Հեղինակ`  
Էլյա Մանուկյան

суббота, 18 августа 2012 г.

ԽՈՀԵՐ ՇԱՐՔԻՑ


Անկեղծության ժամ


      Եվ այսպես... 
    Մի կարճ ժամանակահատված, որ փոխեց ամբողջ կյանքս... Առաջին հայացքից անհեթեթ իրադարձությունների շղթա, իսկ իրականում նոր կյանքի, նոր սիրո սկիզբ... Մեծ սիրո սկիզբ...
   Դու ես իմ սրտի միակը: Քեզ եմ սիրում, քեզնով շնչում: Դու ես սրտիս հավերժական բնակիչը: Ներիր, որ չեմ կարողանում բարձրաձայն ասել այս ամենը, պարզապես չեմ կարողանում: Թվում է սառն եմ, անտարբեր, բայց իրականում եռում է արյունս, սիրտս բաբախում, երբ նայում ես աչքերիս ու լռում, եւ այդ լռության մեջ գտնում եմ այն մեծ Սերդ, որ տարածում ես մեր մեջ...
  Հասկանում եմ, որ ամբողջ կյանքս ապրել եմ քեզ հանդիպելու սպասումով, անգիտակցաբար հենց քո մասին երազել... Դու հրաշք ես, լուսավոր կետ որ հանդիպեց իմ մռայլ կյանքում ու հույսով լցրեց սիրտս: Հույսով որ հենց այդ կետն է ելքը...
Իսկ եթե չլիներ այս թուղթն ու գրիչը, կխելագարվեի... Այնքան դժվար է արտասանել` աչքերիդ նայելով. «Ես քեզ սիրում եմ»
    Դա ինչի՞ նշան է: Գուցե այն բանի, որ մեր Սերը երկրային չէ, այլ երկնային է: Առեղծվածային ինչպես տիեզերքը, պայծառ ինչպես աստղերը, լուսավոր ինչպես արեւը, մելամաղձոտ ինչպես լուսինը, հորդառատ ինչպես անձրեւը, ճերմակ ու մաքուր ինչպես ձյունը, հոտավետ ինչպես ծաղիկներն են, վառ ինչպես աշխարհի բոլոր լույսերը միասին, նորաստեղծ ինչպես հրաշք նորածինն է լինում.............
    Եվ վերջապես սիրահարված ինչպես մենք ենք... Մենք ենք գլխավոր հերոսները եւ կերտում ենք մեր սեփական պատմությունը, որը նման չէ ոչ մեկին: Պատմություն, որ կապում է մեր սրտերը անտես թելերով, որ ուր էլ գնանք, ձգվենք իրար ուղղությամբ, որ չբաժանվենք երբեք....

суббота, 11 августа 2012 г.

ԵԼՔ ԴԵՊԻ ՊԱՅՔԱՐ

Ինչու՞  երբ  ուզում  եմ  ես  վերջապես  ապրել,
Կյանքը  խորտակում  է  երազներս  բոլոր,
Իսկ  երբ  տխուր, տրտում  ես  ուզում  եմ  մեռնել,
Կյանքը  ափ  է  նետում, որ  տառապեմ  մոլոր:

Որ  տանջվելուց  հետո  կանգնեմ, նայեմ  առաջ
Ու  չտեսնեմ  ոչինչ  բացի  մեծ  պայքարից.
Պայքար  որի  վերջում  միշտ  հիմարն  է  առաջ,
Մեկ  էլ  ով  չի  սիրում  ու  որ  սիրտն  է  քարից:

Այդպես  խորտակված  եմ  փոթորիկից  կյանքիս
Եվ  առջեւում  միայն  մեծ  պայքար  եմ  տեսնում.
Եվ  ես  հավատում  եմ, հավատում  է  հոգիս,
Ապագայում  մի  մեծ  հաղթանակ  է  սպասվում:

Եվ  ես  համոզված  եմ  որ  կարող  եմ  հաղթել`
Չլինելով  հիմար, չլինելով  եւ  քար,
Որ  կարող  եմ  կյանքիս դժվար  ուղին  հարթել`
Ոչ  թե  այնպես  օդից, այլ  մղելով  պայքար:




09.07.2007
Հեղինակ` Էլյա Մանուկյան 

вторник, 29 мая 2012 г.

Խոհեր շարքից...


...

   Վերջերս հաճախ էի մտածում, թե ինչ է պետք մարդուն երջանկության համար: Մարդիկ անընդհատ սպասում են` ինչ-որ բանի, ինչ-որ մեկի կամ ինչ-որ իրադարձության:
  Ոմանք, հետեւելով վերջերս տարածում գտած կասկածելի ֆիլմերի պարունակությանը, գրում են թղթի վրա իրենց ցանկությունները, ապա նստում ու սպասում իրականանալուն, իսկ միթե Աստված ձեզ չի տվել ուղեղ, ձեռք ու ոտք, որպեսզի հասնեք ձեր ուզածին:
  Միթե այդ խղճուկ թղթի կտորն է, որ պիտի օգնի հասկանաք ինքներդ ձեզ, եթե ինքնուրույն չեք կարողացել...
  Բայց մի բան հանգիստ չի տալիս, հուզում է ու գցում անվերջ փնտրտուքի մեջ...

Աղոթք

   Աստված իմ, ես գիտեմ, որ դու քննում ես սիրտս, եւ քեզ հայտնի են անգամ այն ցանկություններս, որոնք ես չեմ հասկանում: Գիտեմ, որ ամեն ուզած բան միշտ չէ, որ պետք է իրականում:
   Դու գիտես իմ մտքերը... Եվ վստահ եմ, ավելի քան վստահ, որ նախապատրաստել ես ինձ համար ամենա-ամենակարեւոր եւ բարի դեպքերը...
   Ապա տուր ինձ ուշադրություն նկատելու այդ պարգեւները, հայտնվելու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Տուր այնքան աշխատասիրություն ու եռանդ, որպեսզի երջանկանամ` քաղելով իմ իսկ ջանասիրության պտուղները...
   Ես սպասում եմ ու շնորհակալություն հայտնում այն ամենի համար ինչ ունեմ, ինչ ունեցել եմ եւ դեռ պիտի ունենամ...
   Շնորհակալ եմ այն ամեն ավելորդ բաների համար ինչ կորցրել եմ...
  Այո': Ազատիր ինձ անպիտան իրերից: Ինչու ոչ, անպիտան մարդկանցից... Եվ անպիտան հիշողություններից... Ամէն:

Հ.Գ.` Ոչ մի աղանդավորական խմբի անդամ չեմ, եւ անձամբ էլ աղանդավորներին ցույց եմ տալիս իրանց իրական տեղը... Հայ եմ, Հայ-առաքելական եկեղեցու հավատացյալ...