понедельник, 10 января 2011 г.

ԳԻՇԵՐ ԵՎ ԼՈՒՍԻՆ

Չկա  մի  այնպիսի  մարդ, որ  զգացած  չլինի, թե  որքան  խորհրդավոր  է  գիշերը: Մի կողմից   մթություն, մի  կողմից  ուրախ  ու  փայլփլուն  աստղեր, իսկ  մյուս  կողմից տխուր  ու  մելամաղձոտ   լուսին: Իմ  կարծիքով  լուսնից  է, որ  ասում  ենք. «Գիշերը  խորհրդավոր   է», և  երևի  դրանից  է, որ  ես  շատ  եմ  սիրում  այն:

Նայում  եմ  լուսնին  ու  մտածում, որ  դա  այն  նույն  լուսինն  է, որ  ծնվածս  գիշերը նայեց  պատուհանից  ներս  այն  պահին, երբ   քնած   էի   օրորոցում  և  ինքն  իրեն ասաց. «այս  մանկիկն  ինձ  դուր  է  գալիս»: Ապա  մեղմորեն  ամպերից  իջեցրեց  իր սանդուղքը  և  անաղմուկ  ներս   սահեց  ապակիներից: Հետո  մայրական  քնքուշ գորովով  տարածվեց  ինձ  վրա  և  դեմքիս  նետեց  իր  շողերը   և  այդ  պահից ներարկեց  իմ  մեջ  իր  էությունը: Եվ  ես  բացելով  աչքերս  ժպտացի  նրան  ու  այդ օրվանից  սիրեցի  այդ  դեղին  գունդը  լի  առեղծվածներով:

Տարիներ  անցան... Չհասկացա, թե  ինչպես  մեծացա: Նայում  եմ  հայելու  մեջ` այն մանկիկից  հետք  անգամ  չի  մնացել, իսկ, երբ  նայում  եմ  պատուհանից` լուսինը նույնն  է, և  գուցե  դրանից   է, որ   լուսնին   նայելիս   հիշում   եմ, հիշում  ամեն  ինչ` թե'  լավը, թե'   վատը:
Հիմա  նույն  լուսինը  իր  շողերը  նետում  է  հենց  այն  մանկիկի  վրա, որը  մեծացել  է  և  երազկոտ  հայացքով  նայում  է  այն  դեղին  գնդին, որն  առանձնանում  է  ուրախ աստղերից   իր   խորհրդավորությամբ:


Երբ  փոքր  էի  մտածում  էի  և  հավատում, որ  «աստղերը   լուսնի   զավակներն   են, և  ամեն  մի  աստղ  Երկրի  վրա  ապրող  մի  մարդու  խորհրդանիշն  է: Երբ  մարդ  է մահանում` աստղերից  մեկն  ընկնում  է, իսկ, երբ  ուրիշը  ծնվում   է` ավելանում  է  մի  ուրիշ  աստղ: Դա  է   պատճառը, որ   աստղերն   անհաշվելի   են»: Իսկապես, լուսնին  կարելի  է  ծեր  անվանել: Չէ՞  որ  նա  այդքան  տարիների, դարերի   ու  հազարամյակների  ընթացքում  քանի  աստղ  է  գցել  և  քանիսը  վերցրել:

Եվ  այսպես  ամեն  գիշեր, քնելուց  առաջ  մոտենում  եմ  պատուհանին   և   հետևում   լուսնի  հայացքին, և   իսկապես   նա   անվերջ  նայում   է  ինձ  ու  թվում  է, թե  ճանաչում  է ինձ: Ապա   ուշադիր   սկսում  եմ  զննել  աստղերը, որ, եթե   նրանցից  մեկն  ընկնի` երազանք  պահեմ: Ասում  են    կատարվում  է:
Հետո   սթափվում  եմ   և  դժվարությամբ  հեռանում  պատուհանի  մոտից  և, պառկելով  անկողնուս  մեջ, պատուհանից  նայում  եմ  երկնքին, նայում  այնքան   ժամանակ` մինչև  քունս  տանում  է, և չեմ  էլ   զգում, թե   ինչպես   եմ  քնում:

Комментариев нет:

Отправить комментарий