воскресенье, 23 января 2011 г.

ԻՄ ԽՈՀԵՐԻՑ

Մոռացում

  Արև:Արևի  շողերից  փայլող  ու  պսպղացող  երազանքներ, բայց  դու  էլ  չես  հասկանում, թե  ինչպես  է  սիրո  կուրացնող  մշուշը  պատել  քո  սիրահար  աչքերը, և միայն  հետո  ես  հասկանում, որ  ամեն  ինչ  պատրանք  էր, որ  հետզհետե  ավելի  ու  ավելի  կուտակվող  ամպերի  փոխարեն  գեղեցիկ  ու  երանելի  եղանակ  էիր  տեսնում, քո  ականջներում  լսում  մի  քնքուշ  մեղեդի, որ  իրականում  սգո  կոպիտ  երաժշտության  է  նման:
  Բայց  ահա  գալիս  է  մի  օր, ու  աչքերդ  պատած  մշուշը  սկսում  է  ցրվել, ու  սկսում ես  սարսափել,ջերմ  երազանքներդ  սառում  են, սառույց  կտրում  ու  ինչպես  սառույցն  է  ցավեցնում  մարմնիդ  երկար  պահելիս, ցավեցնում  սիրտդ: Եվ  այսքան  ժամանակ  կուտակված  ամպերը  զարկվում  են  իրար, ու  սկսվում  է  անձրևը` արցունքների  տեղատարափ  անձրև, որ  թվում  է  վերջ  չունի:
  Եվ  այդպես  սառած, թրջված  ու  մոլորված  ոչինչ  չես  զգում, միակ  բանը, որ  զգում  
ես, քո  դժբախտությունն  է` այն  մեծ  ցավը, որ  ստիպում  է  կրկին  ու  կրկին  լացել:
Բայց  գալիս  է  ավելի  ահավոր  ժամանակ, երբ  արցունքներդ  են  վերջանում, և  սկսվում  է  դողը` ցրտից  ու  ցավից:
  Եվ  այն  ժամանակ, երբ  Աստծուն  խնդրում  ես,որ  օգնի  քեզ  կամ  գոնե  պարզվի, որ  ամեն  ինչ  սխալմունք  է, թյուրիմացություն` հեռվում  արևի  խամրած  շող  ես  տեսնում, և  հույսով է  լցվում  սիրտդ: 
Սկսում  ես  վազել:Չխնայելով  ոտքերդ` անվերջ  վազում  ես, բայց  կարծես  որքան  վազում , այնքան  համոզվում  ես, որ  չես  հասնի, թեկուզ  այդ  խղճուկ  լույսին: Հուսահատ  ընկնում  ես  հատակին  ու  էլի  լալիս: 
Այդպես  անջատվում  ես, ոչինչ  չես  զգում, քայլող  մեռելի  ես  նմանվում: 
Այդպես  ինքդ  էլ  չես  հասկանում, թե  որքան  ժամանակ  է  անցնում (օրեր, շաբաթներ, գուցե` ամիսներ):
Ապա, բարձրացնելով  գլուխդ, տեսնում  ես  ԱՐԵՎ: 
Բայց  այս  անգամ  իրական  և  ոչ  մառախուղի  վարագույրների  ետևից: Հոգիդ  բերկրանքով  է  լցվում:
  Ահա  հեռվում  նա  է  երևում: Թվում  է  էլի  սրտովդ  դող  կանցնի, ոտքերդ  թուլացած  աթոռի  նման  կսկսեն  դողալ, բայց` ոչինչ  առաջվանը  չէ: «Այս  ինչ  բան  է»,__հարցնում  ես  ինքդ  քեզ  ու, հանգիստ  պատասխանելով  նրա  բարևին, անցնում:
  Եվ  հասկանում  ես, հասկանում, որ  վերջնականապես  ՄՈՌԱՑԵԼ ես  նրան  ու  այլևս  նա  քեզ  չի  հուզում, ու  միակ  բանը, որ  մնացել  է  հիշողությունն  է` անցյալից  մնացած  սպիերն  ու  մի  կույտ  արցունքոտ  թղթերը :

Комментариев нет:

Отправить комментарий