вторник, 4 августа 2015 г.

Հատված իմ «Անհասցե նամակներ» պատմվածքից

  Տիեզերքում՝ Պլուտոն եւ Ուրան մոլորակների միջեւ, կա մի փոքրիկ, գաղտնի աշխարհ: Այդ աշխարհում ապրում էինք մենք՝ նա, ես եւ մեզ դեպի այնտեղ ուղեկցողը: Դա մի վայր էր, որտեղ ծաղկում էին այնպիսի ծաղիկներ, որոնք չեք տեսել, իսկ գույները, գույներն այլ էին: Միայն այնտեղ հնարավոր դարձավ հասկանալ, որ Երկրի վրա մռայլ է եւ անգույն: Մենք այնտեղ էինք: Օդի փոխարեն սեր էինք շնչում եւ սնվում միայն համբույրներով: Ամեն վայրկյանը հավերժություն էր տեւում, եւ կորցնում էինք ժամանակի զգացողությունը: Մենք ազատ էինք, ազատ ինչպես երբեւէ: Չկային մարդիկ իրենց ամպագոռգոռ օրենքներով, չկար տարածություն, եւ չկար ժամանակ: Սթափ միտքը զրոյանում էր, ու միայն մնում էր տրվել զգացմունքներին, վայելել մեր կարճատեւ երջանկությունը: Այո, կարճատեւ, քանի որ մենք երկար չմնացինք: Թողնելով նրան այնտեղ՝ վերադարձանք իրական կյանք եւ փակեցինք բոլոր ելքերն ու մուտքերը: Իսկ նա մնաց այնտեղ... Մենակ...
  Այդ անմահ զգացմունքը դատապարտեցինք հավիտենական միայնության, հավերժ տանջանքի: Հիմա նա գոռում է ու զարկվում այն փակ աշխարհի պատերին, գոռում է մեր անուններն ու մեզ ետ կանչում: Մի պահ գժվում է, ապա բուժվում: Նստում է պատերի տակ ու լալիս՝ ցավից ծնկի գալով ու գլուխն առնելով դողդոջուն ձեռքերի մեջ: Այդ խղճուկը հիմա զղջում է, բայց ուշ է: Ու թեեւ գիտակցում եմ նրա տանջանքի չափը, միեւնույն է, չեմ խղճում: Մի՞գուցե արժանի է: Կարծում եմ՝ մեզ նույնիսկ դուր է գալիս նրա տանջանքը: Չէ՞ որ նրա սխալն էր իրար կապել երկու սրտեր, որոնք պետք չէր կապվեին: Երկու սրտեր, որոնց ճակատագիրն է հրաժարվում կապել: Չէ՞ որ գիտակցում էր, որ մենք Երկիր մոլորակի անպաշտպան ու անազատ արարածներ ենք, ովքեր չէին կարող մնալ Պլուտոնի եւ Ուրանի միջակայքում տեղակայված մի աներեւույթ աշխարհում: Գիտակցում էր, որ մի օր թողելու ենք իրեն մենակ ու հեռանանք դեպի իրականություն: Մեր իրականություն, որտեղ կմնա գոյատեւել մի երկու այդքան էլ, որքան գոյատեւել ենք ու լքել աշխարհը դեպի անհայտություն:
  Իսկ նա.. Չէ՞ որ նա անմահ է... Չէ՞ որ գեղեցիկ է ու նման գեղեցկությամբ փակված է տիեզերքի մի անկյունում: Փակված է եւ այլեւս չի կարողանա երջանկացնի եւ ոչ մեկի... Այլեւս ոչ ոք չի ապրի այն երջանկությունը, որ մեզ հասավ, եւ ոչ ոք չի զգա այս անասելի ու կործանարար ցավը, որ հիմա պարուրել է մեր սրտերը: Եւ գուցե դրանով իսկ մենք փրկել ենք միլիոնների՞:








03.08.2015թ.
Հեղինակ՝ Էլյա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий