воскресенье, 30 августа 2015 г.

Նա ես էի




Մութ էր: Նստել էի սենյակիս պատի տակ ու մտածում էի: Արդեն երրորդ գիշերն էր, որ մի վայրկյան անգամ չէի քնել: Ո՞վ եմ ես, որտե՞ղ էի, ու՞ր եմ հասել, ինչպե՞ս: Հարցերի շարան, որ չէին կարողանում գտնել իրենց պատասխանները: Միայն գիտակցում էի իմ անզորությունն ու մենակությունը: Ես էլի մենակ էի: Ինչպես միշտ: Թե' ուրախության պահին, թե տխրության, եւ թե հիասթափության: Բայց ինքնաքննադատ ոգին իմ մեջ չէր թողնում մեղադրեմ քեզ, նրան, կամ այլ մարդկանց: Ամեն եզրակացության վերջում գալիս էի նույն մտքին. որ ես եմ մեղավոր: Մեղավոր գլուխս առնում էի մեղավոր ձեռքերիս մեջ, հակվում դեպի մեղավոր ոտքերս ու կծկվում: Կարծես պաշտպանվելիս լինեի ինչ-որ մեկից: Ասես խիղճս եկել, հարվածում էր ու այդ հոգեկան ցավը տարածվում էր ամբողջ մարմնովս: Այլեւս ուժ չկար...
  Երրորդ գիշերը գիտակցությունս հանձնվեց տանջված մարմնիս պահանջին, որ գոնե մի քանի ժամվա քուն էր խնդրում: Եվ ես քնեցի... Օ՜, այդ երանությունը: Ընդամենը մի քանի ժամ ես մենակ քայլում էի: Քայլում էի ժամանակին հակառակ: Սլաքները ետ էին պտտվում, ու ես գնում էի իմ իսկ անցած ուղիներով: Ժամանակ առ ժամանակ կանգ էի առնում, հիանում այն գեղեցիկ պահերով, որոնցով մի հավերժություն եմ ապրել ու հասկանում, որ ինչ-որ այլ տարածության մեջ ու այլ ֆիզիկական օրենքների համաձայն անմահ եմ եղել: Ապա շարունակում էի իմ ուղին դեպի անցյալ: Այդ ուղեւորությունը, որի միակ նպատակը գտնելն էր: Գտնել ինձ. այն մարդուն, ով մնացել էր ինչ-որ մի տեղ՝ իմ իսկ անցյալում: Այն մարդուն, ում ուրախ եւ զվարթ ծիծաղի տակ իրական ուրախություն էր: Մարդ, ով վայելում էր իր կյանքի ամեն պահը ու գնահատում ամեն վայրկյանի գեղեցկությունը: Ա՜խ, ոնց էի կարոտում նրան ու իմ հոգնած կոպերն ամեն անգամ փակելիս գիտակցում նրա կորուստը:
  Քայլում էի անցյալիս ծանոթ ու հարազատ արահետներով, ու հարցերի պատասխաններն իրենք էին գալիս: Տեսնում էի ամեն բան կողքից: Այնքան սեր, այնքան հիասթափություններ, անքուն գիշերներ, կոծկված ցավեր, ստեր, լուռ հայացքներ, գաղտնիքներ, հպարտություն, հպարտություն եւ էլի հպարտություն: Հպարտությունը մոլախոտի պես լցված էր ամբողջ ճանապարհիս: Աստծու կողմից սահմանված յոթ մեղքերից առաջինը եւ ամենագլխավորը, որին թողել էի բույն դներ հոգումս եւ այնքան գլուխ բարձրացներ, որ կապեր շուրթերս ու չթողներ ասել. «Մի գնա...»: Թողել էի ստիպեր զղջալ հանուն սիրո արված զիջումների համար, ծաղրեր միամտությունս ու թելադրեր իր կամքը:
  Այսպես քայլում էի իմ անցած ուղով, քայլում էի մինչեւ լույս ու որոնում պատասխաններ, որոնք միշտ քթիս տակ էին եղել: Որոնում էի նրան, ում այդպես էլ չէի գտնում: Ոտքերս սառել էին: Մրսում էի: Շուտով հուսահատ եւ ուժասպառ ընկա ճանապարհի մի կետում ու լռություն տիրեց: Քիչ անց զգացի ինչ-որ մեկի ձեռքը ուսիս: Ուրախությամբ  շրջվեցի, բայց չտեսա նրան... Արթնացա...
  Ինձ արթնացնում էր մայրիկս ու բարկանում, որ սառը հատակին եմ քնել: Մրսում էի: Գլուխս բարձրացրեցի ու սենյակի աջ անկյունում տեսա նրան... Նրան ում այդպես էլ չգտա երազում: Նա վերադարձել էր: Ես ապշած նայում էի, իսկ նա ծիծաղում էր: Նա երջանիկ էր: Նրա ծիծաղը զրնգում էր սենյակում: Այդ անհոգ աղջնակը, որ միշտ բոլորին ուրախացրել էր իր թեթեւ ու եթերային էությամբ, փայլում էր երջանկության մեջ, իսկ աչքերում սեր էր ու միայն սեր: Նրա մեջ լույսն էր: 
  Ես լուռ ժպտում էի ու հրավիրում նրան իմ մեջ... Նա ես էի...


27.08.2015թ.
Հեղինակ՝ Էլյա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий